Հարգելի՛ ներկաներ, ջերմորեն ողջունում եմ բոլորիդ:
Սիրելի՛ 9-րդ դասարանցիներ, շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ և լուսավոր օրվա առթիվ։ Այսօր ձեր կյանքի հիշարժան և իմաստալից օրերից մեկն է, դուք ավարտում եք հիմնական դպրոցի ուսումնառությունը և մուտք գործում կյանքի ավելի պատասխանատու փուլ։
9-ը տարիների ընթացքում կրթահամալիրը եղել է ձեզ համար մարդկային արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց, որտեղ կրթվել և դաստիարակվել եք:
Ձեզ ուսուցիչները զինել են գիտելիքով և անհրաժեշտ կենսափորձով, շրջապատել հոգատարությամբ, ջերմությամբ, սովորեցրել լինել հասարակության ու երկրի համար պիտանի մարդ: Ձեր ծնողները ոչինչ չեն խնայել ձեր լիարժեք կրթությունն ապահովելու համար: Երախտագիտությունը մարդկային լավագույն արժեքներից է, ես համոզված եմ, որ դուք բարձրագույն արժեքներով օժտված երախտապարտ զավակներ ու աշակերտներ եք։
Հիշե՛ք, որ չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքն է։ Այն անգնահատելի արժեք է։ Գիտելիքի շնորհիվ յուրաքանչյուր անհատ կարող է դառնալ հասարակության շարժիչ ուժը։
Սովորե՛ք ճիշտ տնօրինել ձեր կյանքը:
Սովորե՛ք տարբերել կարևորն անկարևորից:
Սովորե՛ք ունենալ ինքնատիրապետում և չափի զգացում:
Սովորե՛ք ապրել արժանապատիվ :
Թո’ղ հաջողության թևավորող ուժը, սերն ու խաղաղությունը, վստահության ու անպարտելիության զգացողությունները լինեն ձեր կյանքի անբաժան ուղեկիցները։
Սիրելի՛ ծնողներ, շնորհակալություն եմ հայտնում մեր ներդաշնակ համագործակցության 9-ը տարիների համար։ Ձեր ու մեր երեխաներին իրենց հետագա ուսումնառության մեջ մաղթում եմ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։ Ես վստահ եմ, որ «Վարդանանք» կրթահամալիրի ուսուցիչները և մենք հպարտանալու բազում առիթներ ենք ունենալու։
Իսկ այն աշակերտներին, ովքեր շարունակելու են իրենց ուսումնառությունը մեր ավագ դպրոցում, կրթահամալիրի մանկավարժական համակազմը մեծ սիրով և պատասխանատվությամբ սպասում է՝ միասին շարունակելու հետագա կրթությունը:
Շնորհավորում եմ բոլորիս
Շուշան Զաքարյան