«Վարդանանք» կրթահամալիրի աշակերտական խորհուրդը՝ տնօրեն Շուշանիկ Զաքարյանի գլխավորությամբ, այսօր Մանկավարժական համալսարանում էր

«Վարդանանք» կրթահամալիրի աշակերտական խորհուրդը՝ տնօրեն Շուշանիկ Զաքարյանի գլխավորությամբ, այսօր Մանկավարժական համալսարանում էր

«Վարդանանք» կրթահամալիրի աշակերտական խորհուրդը՝ տնօրեն Շուշանիկ Զաքարյանի գլխավորությամբ, այսօր Մանկավարժական համալսարանում էր․ կրթական կառույցի ներկայացուցիչները բուհում էին Գիրք նվիրելու օրվա առիթով:

 

Սաների հետ հանդիպման ընթացքում ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց անակնկալ այցն ու ընդգծեց՝ Մանկավարժականի համար առաջնահերթություն է բուհ-դպրոց կապը․ այստեղ կարևորում են, պատրաստ են լսել աշակերտական համայնքի կարծիքը, գնահատականները, դասապրոցեսի վերաբերյալ նրանց առաջարկները:

Սրբուհի Գևորգյանը նշեց՝ այս պահին էլ բուհում ընթանում են մի շարք գործընթացներ՝ մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման, դասավանդվող նյութերի բարելավման ուղղությամբ, իսկ օրվա հանդիպումը՝ նոր ու կարևոր առաջարկներով, կարող է լրացնել այդ շարքը:
Բժշկից մինչև դիզայներ, ծրագրավորողից մինչև բիզնեսմեն․ մասնագիտության ընտրության վերաբերյալ Մանկավարժականի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հարցադրմանը տրված պատասխանները տարբեր են, սակայն դրանց միավորում է ազգի, պետության համար կարևոր և որակյալ մասնագետ լինելու ընկալումը:

Ռեկտորը նշեց՝ Մանկավարժականում պատրաստում են ուսուցչական կադրեր․ բուհի տիրույթում կրթության ոլորտն է, իսկ թվարկված բոլոր մասնագիտությունների հաջողությունները պայմանավորված են հենց ուսուցչական մասնագիտական որակավորման կարողություններով․ «Ինչ մասնագիտություն էլ ընտրենք, միևնույն է, բոլորին կրթողն ու մասնագիտական ոլորտում ուղղորդողը ուսուցիչն է»,-նշեց Սրբուհի Գևորգյանը:

Հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով՝ մերօրյա դպրոցի, ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ հարցադրումներով։ Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ աշակերտների հետ հետաքրքիր երկխոսությունը կշարունակվի այլ ձևաչափերով ևս՝ վիկտորինաներ, վարպետաց դասեր:
«Վարդանանք» կրթահամալիրի տնօրեն Շուշանիկ Զաքարյանը, որը նաև Մանկավարժական համալսարանի շրջանավարտ է, շնորհակալություն հայտնեց բովանդակալից հանդիպման համար՝ թաքցնելով, որ հետաքրքիր ու պարտավորեցնող է հյուրընկալվել 100-ամյա պատմություն ունեցող բուհում:

Նա կարևորեց, որ աշակերտները դեռ փոքրուց ծանոթանում են կրթական տարբեր կառույցների գործունեությանը, վաղ տարիքից կողմնորոշվում մասնագիտական ընտրության հարցում, ինչպես նաև նրանց մեջ ձևավորվում է գիրք կարդալու և նվիրելու կարևոր մշակույթը:
Նշենք, որ հանդիպումն ընթացավ օրվա խորհրդին համահունչ՝ կողմերը միմյանց նվիրեցին գեղարվեստական և մասնագիտական գրականություն:
«Վարդանանք» կրթահամալիրի ներկայացուցիչները այցելեցին նաև բուհի Պատմության թանգարան, ապա ձայնագրվեցին համալսարանական ռադիոյում՝ Ֆամայում։ Աշակերտները հնարավորություն ունեցան հանպատրաստից հաղորդման ձայնագրության մասնակցել և իրենց լսել եթերում: